Ռուսական տնտեսության ամենամեծ անկումը վերջին հինգ տարիներին արդեն փաստ է, իրավիճակը կարող է ավելի վատանալ, բայց կոլապս չի լինի՝ կարծում է Չինաստանի արդի միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն Չեն Ֆենինը: Նրա մեկնաբանությունը տպագրել է «Ժենմին Ժիբաո» պաշտոնաթերթի կայքը: Տնտեսական կոլապս չի լինի, նավթի գինը կվերականգնվի՝ բարելի դիմաց 70 դոլար՝ ասել է չինացի տնտեսագետը: Չեն Ֆենինը համոզված է, որ Ռուսաստանի ներկա վիճակը տարբերվում է 1998-ից կամ 2008-ից: ՌԴ-ի տնտեսական դժվարությունների գլխավոր պատճառը արտաքին գործոններն են, ֆինանսական ու տնտեսական վիճակը երկրում նախկինի պես կայուն է: Բացի այդ՝ Ռուսաստանը որոշակի արդյունքների է հասել կոռուպցիայի դեմ պայքարում: ՌԴ-ն կարող է հաշվի առնել Չինաստանի աջակցությունը: Առայժմ գործողության մեջ չի դրվել Չինաստանի ու Ռուսաստանի միջև տարադրամային սվոպի համաձայնագիրը 150 միլիարդ յուանի չափով (1,5 տրիլիոն ռուբլի): «Կարիքը զգացող կողմը պետք է այդ պահանջն առաջադրի, որ համաձայնագիրը սկսի գործել: Եթե Ռուսաստանը առաջադրի նման պահանջ, չինական կողմը, անկասկած, դրական կարձագանքի: Երբ պայմանագիրը սկսի գործել, կողմերից մեկը գործարքները կանցկացնի տարադրամի ընթացիկ կուրսով, հետո կարիք ունեցող կողմը պետք է վճարի տոկոսի հաշվարկով: Չինաստանը որևէ կորուստ չի ունենա և կարող է փորձ ձեռք բերել նման գործակցությունից: Չինաստանն արդեն տարադրամային սվոպի 28 համաձայնագիր է կնքել, սակայն ոչ մեկը դեռ չի սկսել գործել»,- ասել է Չեն Ֆենինը: Նա վստահ է, որ նավթի գնանկումը չի ազդի ռուս-չինական նավթային գործարքի վրա, հակառակը՝ ստեղծված իրավիճակը թույլ կտա ընդարձակել համագործակցությունը, քանի որ առաջիկա երկու տարում Ռուսաստանի տնտեսությունը դեռ դժվարություններ կունենա, կապիտալի կարիք կզգա Հեռավոր Արևելքի ռեսուրսները մշակելու համար: Փոխադարձ շահերի վրա հիմնված գործակցությունը կամրապնդի երկկողմ հաաբերությունները և ռազմավարական համագործակցությունը: